<< Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. Նրա գործը` մեր ազգային անսպառ հարստությունը:
Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին:Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը` ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…
Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ, ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժարգոնից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը` մաքրված, ինքնուրույն և անաղարտ>>:
Ահա այսպիսի բարձր գնահատական ունի Կոմիտասը Ավետիք Իսահակյանի աչքերում:
Կոմիտասի մեծագույն վաստակը ազգային վերածննդի դարաշրջանի գեղարվեստական գաղափարների կուտակումն էր, դրանց մարմնավորման կենսունակ ձևերի հայտնաբերումը: Մշակելով իր գեղագիտական իդեալները, հիմնվելով հայ երաժշտության խոր և բազմակողմանի ուսումնասիրության վրա՝ նա առաջ քաշեց հայ երաժշտության ինքնուրույնության կարևոր թեզը և իր բազմաբնույթ գործունեությամբ հիմնադրեց ազգային դասական երաժշտությունը, կանխանշեց նրա հետագա զարգացման ուղիները:
Կոմիտասը հայ երաժիշտներից առաջինը հայտնաբերեց ազգային արվեստի ինքնատիպության հուսալի ակունքները, գիտնականին հատուկ հետևողականությամբ հետազոտեց և բացահայտեց այդ ինքնատիպության օրինաչափությունները: Կոմիտասը հրապարակախոսին հատուկ կրքոտությամբ պաշտպանեց հայ երաժշտության ինքնուրույնության գաղափարը:
Դեմոկրատ արվեստագետը հայ գեղջուկի ստեղծագործությունը բնորոշեց որպես ազգի հոգևոր հարստությունների շտեմարան: Ազգայինի հավատարիմ ջատագովը չսահմանափակվեց ազգային նեղ շրջանակներում, մեզանում առաջինը խորությամբ ուսումնասիրեց Մերձավոր Արևելքի ժողովուրդների երաժշտությունը, հանրաճանաչ դարձրեց քրդական ժողովրդական երգը:
Հայրենասեր արվեստագետ Կոմիտասը հոգատարությամբ հավաքեց հայ գեղջուկի երգերը, մշակեց և իր ոգեշունչ կատարմամբ խթանեց ազգային հոգևոր արժեքների տարածումն ու ճանաչումը:
Հայ ժողովրդի գեղարվեստական գանձարանի հարստությունն արժեքավորող Կոմիտասը ավանդապահ էր: Իր ժողովրդի ապագայի մասին մեծագույն կրքոտությամբ հոգացող արվեստագետն ավանդախախտ էր: Պահպանելով անցյալի արժեքները՝ նա պատմականորեն կոչված էր զարգացնել, հայտնաբերել դրանց կենսունակությունը, նորին ծառայեցնելու ուղիներն ու ձևերը: Այդ ճանապարհին նրան վիճակվեց կերտել ազգային ոճի բարձր չափանիշները:
Комментариев нет:
Отправить комментарий