понедельник, 7 апреля 2014 г.

Իսրաել Օրի

Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 
1698 թ-ին կուրֆյուրստ  Հովհան Վիլհելմին հորդորել է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության  թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: 
Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I  կայսեր աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699 թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ:
Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի  Արչիլ II թագավորի, հետագայում՝ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701 թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703 թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը:
Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը:  1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ:

Комментариев нет:

Отправить комментарий